Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Եթե հրեական ցեղասպանությունը հոլոքոստ է, ապա մերը՝ հայասպանություն՝ արմենոցիդ

Եթե հրեական ցեղասպանությունը հոլոքոստ է, ապա մերը՝ հայասպանություն՝ արմենոցիդ
22.11.2013 | 11:42

Վերտառության հարցադրմամբ կուզեի հանրության ուշադրությանը ներկայացնել առաջին հայացքից անմեղ ու երկրորդական թվացող մի իրողություն, որը մեր ազգային շահերի տեսանկյունից խիստ վտանգավոր խութեր է պարունակում:
Ստորև ներկայացվող նմանատիպ հրապարակումները որպես թիրախ թշնամյաց ձեռքին հաճախ հրաշալիորեն օգտագործվում են մեր իսկ դեմ:
Խոսքը «Դե ֆակտո» ամսագրի 2012 թ. մայիսյան համարում ԼՂՀ վարչապետի հասարակական կարգով խորհրդական, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, գյուղ. գիտ. դոկտոր Մ. Ա. Բաբախանյանի «Համահայկական միջազգային դրույթների նախագիծ» հրապարակման մասին է։
Հարկավ, ցանկացած անձնավորություն հասարակական, քաղաքական կամ մշակութային կյանքի որևէ հարցի վերաբերյալ ունի բարոյաքաղաքական-իրավական կամք դրսևորելու սահմանադրական իրավունք ու արտոնություն, սակայն, երբ այն հանդես է գալիս ի դեմս ազգային, առավել ևս էթնիկական, ընդունված կամ ընդունվող նորմերի, քամահրորեն վերածվում է հակաազգային իրողության:
Վերոնշյալ «Նախագիծը» համայն հայությանն է ներկայացվել արցախյան խնդիրների բացահայտմանը նվիրված հիշյալ հեղինակի ընդարձակ գրության համատեքստում: Հարգելով և գնահատելով նրա ներհոդվածային անհատական մտահոգությունները, կանդրադառնամ սոսկ, ըստ իս, արտառոց և մերժելի երկու հարցադրումների:
«Նախագծի» առաջին կետի երկրորդ իսկ տողում կարդում ենք. «Հայ ժողովրդի նկատմամբ թուրք-ադրբեջանական եղեռնի միջազգային ճանաչմանը և մեր պահանջատիրությունը…»:
Սկզբից ևեթ հառնում է սույն անհասկանալի ու խուճուճ մտքի հակասությունը. եթե թուրքերի ու ադրբեջանցիների եղեռնը կամենում ենք միջազգային ճանաչման արժանացնել, ապա ի՞նչ տրամաբանությամբ է ներկայացվելու մեր պահանջատիրությունը:
Այնուամենայնիվ, ի՞նչ ասել է թուրք-ադրբեջանական եղեռն:
Մի պահ պատկերացնենք այդ բառակապակցությունը տրոհված` թուրքական եղեռն, նաև ադրբեջանական եղեռն` վերաձևակերպմամբ ցեղասպանություն:
Սա ոչ թե բազմասացություն կամ ավելի մեղմ՝ բազմիմաստություն է, այլ ընդունված ու հիմնավորված փաստարկումների իսկական ռևիզիոնիզմ:
Տասնամյակներ շարունակ գիտական, քաղաքական ու լրատվական հրապարակումների շրջանակներում շրջանառվում էին թուրքական, հայ-թուրքական, թուրք-հայկական և առավել սակավ` հայկական եղեռն եզրեր դարձած արտահայտությունները, որոնց պատճառով առաջացել էր մի խառնաշփոթ ու անհասկանալի իրավիճակ, երբ պարզ չէր, թե ով ում է կոտորել ու եղեռնի զոհ դարձրել: Օգտվելով դրանից, մեր արյունարբու հարևանները միջազգային հանրությանը ներկայանում էին որպես «խեղճ թուրքեր», և հենց արյունարբու հայերի զոհ:
Միջազգային առումով արհեստականորեն զարգացրած ու փթթեցրած այդ շփոթին հաճախ անգիտակցաբար տուրք են տվել նաև հայասեր անձինք, էլ չասեմ հայորդիներ:
Մտաբերում եմ անգլիագիր անվանի գրող, հայազգի Մայքլ Առլեն Կրտսերին (բրիտանական դասական Մայքլ Առլեն-Տիգրան Գույումճյանի որդի) որպես այդ թյուրիմացության, կամ` թյուրըմբռնման զոհ, ում «ՈՒղևորություն դեպի Արարատ» էսսե-վիպակում «անմեղ» այդ բացթողումը` «թուրքական ջարդերը», շատ թանկ նստեց մեզ վրա, քանզի նրա հրաշալի ստեղծագործությունը (հայերեն, Երևան, 2000 թ., «Նաիրի» հրատարակչություն) թարգմանվել էր մի քանի տասնյակ լեզուներով ու մերժելի այդ բառակապակցությունը (էջ 23) անցանկալի հետք թողել ցեղասպանության ընդհանրական ընկալումներում, առավել ևս ջուր լցրել թշնամյաց ջրաղացին:
Փառք Աստծո, վերջին շրջանում միայն` կանխամտածված շինծու այդ «շփոթը» հիմնականում կարծես մաքրագրվեց ու շտկվեց:
Բայց և այնպես մարդկային գիտակցության մեջ դրոշմված մտադաջվածք կոչված այդ ստերեոտիպը երբեմն սպրդում է լոկ իներցիայով, և պարզվում է, որ այս ուռկան-ցանցն այսօր էլ, կամա թե ակամա, որպես ազգավնաս ու ազգանվաստ գործոն, շարունակում է գործել ի շահ թշնամյաց:
«Էնցիկլոպեդիա-Արմենիկա» հրատարակչությունը 2005 թ. Երևանում ռուսերեն հրատարակեց Հարություն Սարգսյանի հանրահայտ «Սիոնիզմը Թեոդոր Հերցլից մինչև լորդ Ռոտշիլդ և Հայկական հարցը» գրքույկը, որի 4-րդ էջում սևով սպիտակի վրա կարդում ենք. «1915 թ. թուրքական ցեղասպանությունից հետո…»:
Այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչո՞ւ է վերստին շրջանառության մեջ դրվում, այս անգամ, նորաձև «թուրք-ադրբեջանական եղեռն» եզրը և պետք է խորամուխ լինել ու հասկանալ, թե որն է դրա իրական պատճառն ու շարժառիթը:
Պարզից էլ պարզ է, որ նորագյուտ այս շիլաշփոթը, նոր վարկածով հարցի բացահայտումը, միտված են ստվեր գցելու մեր հայրենակիցներին օրհասած Կիրովաբադի, Բաքվի, առավել ևս` սումգայիթյան ողբերգության վրա, այն ներկայացնելով որպես, այսպես ասած, ադրբեջանական եղեռն, գուցե և ցեղասպանություն, թիկունքում ունենալով վաղօրոք պատրաստած քելբաջարյան (քարվաճառյան) ստրատեգիական թատերախաղ-սցենարը: Մի խոսքով` հիմք է դրվում ապապետական-ապազգային մտածողության կամ մտավարժանքի:
Արդյոք հայրենակից-հեղինակը մեր հարևանների բառախաղ-խարդավանքի ցանցի մեջ չի՞ հայտնվել, ինչպես ոմանք` դրսի և մեր առօրյա մամուլի էջերում, թե՞ մեր արյամբ հեղեղված փայլուն հաղթանակին հետևում է դրսից թելադրված՝ պատմական հիշողության մթագնում:
Չմոռանանք, որ հաղթական գործողության ավարտին հաջորդած տեղեկատվական անողոք պատերազմը ուժգնորեն շարունակվում է:
Մոսկվաբնակ տաղանդավոր բանաստեղծ, թատերագիր ու թարգմանիչ Աշոտ Սահրադյանը, Դրաստամատ Կանայանին (Դրո) նվիրված ընդարձակ հուշագրություն-հոդվածում ռուսահայոց հեղինակավոր ու 110 հազար տպաքանակով տարածուն «Նոև կովչեգ» («Նոյյան տապան») երկշաբաթաթերթի 2013 թ. օգոստոսյան թիվ 15 (221)-ում, Բաքվի նահանգապետ Նակաշիձեի նկատմամբ իրագործված մահափորձի առիթով ևս օգտագործում է նոր ձևավորված «հայ-թաթարական եղեռն» եզրույթի հավակնորդ հասկացությունը:
Հաջորդը՝ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) էլեկտրոնային փոստով հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակով տարածված «Ղարաբաղը և Թուրքիայի ցեղասպանական փորձերը» շարադրանքն է: Հայկ Դեմոյանի սույն հոդվածում կարդում ենք. «Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ թուրքական մոտեցումները (պատմական և ժամանակակից), որոշ առումով, Ղարաբաղը վերածեցին թրքական ցեղասպանությունների իրականացման փորձադաշտի՝ սուլթանական, երիտթուրքականների ¥հանրապետականներ) կողմից, այնուհետև… ուստի՝ Ղարաբաղում թուրքական ցեղասպանության փորձերի…» (խրթին ու անհասկանալի բառակուտակումներ): Ի դեպ, «Ազգ»-ի ս. թ. ապրիլի 9-ի ներդիր հոդվածում պատմաբան Գևորգ Յազըճյանն անդրադարձել էր սույն խնդրին՝ այլ մոտեցմամբ:
Հարկ է իմանալ, որ թուրքական դպրոցական պատմության դասագրքերում, մինչև անգամ համալսարանական «փաստագրական ուղեցույցներում», կարդում ենք. «Հայերը ջարդել են, այսինքն՝ կոտորել են մեկ միլիոն թուրք», իսկ Իգդիրում, ուղիղ Հայաստանի Հանրապետության դեմ դիմաց՝ 1995 թ., կառուցվել է 40 մ բարձրությամբ հուշարձան՝ նվիրված այդ «մեկ միլիոն թուրքերին և ավելացրած ազերիներին՝ 1918-1922 թթ., որոնց ջարդել են հայերը»:
Հունիսի 11-ին մոսկովյան «Կուլտուրա» հեռուստաալիքով, Մոսկվայի պետհամալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտի պրոֆեսոր, թուրքագետ, ազգությամբ հրեա Միխայիլ Միլլերը բառացիորեն ասաց հետևյալը. «Կոտորածը երկկողմանի էր. շատերը մահացան սովից ու հիվանդություններից» և ապա՝ «հայերի թիվն Օսմանյան կայսրությունում ընդամենը մեկուկես միլիոն էր»:
Հետաքրքիր է, եթե այս ծախու անձին հակադարձեինք, որ հրեական շոա կոչված ողջակիզումը՝ հոլոքոստը, չի եղել, և որ հրեաներն էլ 6,5 մլն գերմանացի են կոտորել ու «խեղճուկրակ գերմանացիներին» եղեռնի զոհ դարձրել, և ապա՝ պատերազմից հետո Եվրոպայում իբր հրեաների թիվը 6,5 միլիոնով բնավ չէր պակասել, ի՞նչ կզգար: Բայց ոչ մի հայորդի անմարդկային նման «պարզաբանումներ» իրեն թույլ չէր տա, ավելին՝ այդպես ակնհայտորեն էժանագին չէր ծախվի:
Մամուլի և եթերային նման հրապարակումներից հետո սովորաբար սկսում են հակադրել դժոխքն ու դրախտը, Հայաստանն ու Թուրքիան, հօգուտ վերջինի:
Դառնանք մյուս հարցին։
Առավել տարօրինակ է ակադեմիկոս-հոդվածագրի անտեղյակությունը ղարաբաղյան արդեն պարզաբանված մի հարցի վերաբերյալ:
Նույն «նախագծի» 5-րդ կետի 1-ին ենթակետում դոկտոր-ակադեմիկոս-հեղինակն առաջարկում է «Երկրի պաշտոնական անվանումը - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարեն - Արցախի Հայկական Հանրապետություն վերանվանել»:
Անհասկանալի է` սա անտեղյակությա՞ն, դիտավորությա՞ն, թե՞ հանրային գիտակցությունը շեղելու դրսևորում է:
Եվ այսպես` «Իրատես de facto»-ի թիվ 69-ում հրապարակված է «Ղարաբաղ տեղանվան շուրջ» իմ հոդվածը, ուր հստակ փաստերով ապացուցվում է, որ Ղարաբաղ անվանումը ոչ մի կապ չունի թյուրքալեզու` թյուրքական, հետևաբար` թուրքական էթնիկական որևէ միավորի հավակնությունների հետ (սև այգի), և հզոր զենք է մեր թշնամյաց դեմ՝ պատմա-մշակութա-իրավա-քաղաքական առումներով, քանզի որևէ հայրենական կամ օտար լեզվաբան կամ պատմաբան չի վիճարկել կամ հակառակ տեսանկյունից քննության ենթարկել առաջ քաշված սույն հարցադրումը:
Ցավ ի սիրտ, այն պատշաճորեն չօգտագործվեց համապատասխան գործընթացներում` մեր թշնամյաց որոգայթների դեմ:
Այդ առումով հարկ է արժանին հատուցել տաղանդավոր հայորդի Լավրենտ Ղալայանին, նրա առաջադրած ու 1992 թ. ԼՂՀ Գերագույն խորհրդի որոշմամբ ընդունված հանրապետական զինանշանի առիթով: Այն նախ և առաջ ունի գեղարվեստական բարձր արժեք: Այդ զինանշան-պետանշանում հրաշալիորեն ներդաշնակվել են Ղարաբաղ և Արցախ անվանումները, քանզի, ինչպես պատմա-աշխարհագրական բազմաթիվ աղբյուրներ են վկայում, Արցախը պատմական Մեծ Հայքի 15 աշխարհներից 10-րդն էր իր 12 գավառներով: Դա նրա վարչական անվանումն էր, մինչդեռ Ղարաբաղը (կամ Բաղքը) տեղաբնիկ հանրության` տարածքի միակ տիրոջ, էթնիկական անվանումը: Սեփականի անկոտրում գիտակցությունն առկա է ղարաբաղցու գենետիկ գիտակցության մեջ, և դա է ղարաբաղցու հաղթանակների գրավականը:
Լավրենտ Ղալայանն իրեն հատուկ տաղանդով ու բանիմացությամբ պետական զինանշանի վրա ամփոփել է Լեռնային Ղարաբաղ բառակապակցությունը` դրանով իսկ ընդգծելով, որ կա նաև Դաշտային Ղարաբաղ, որը սպասում է մեզ:
Համատարած լռության պայմաններում սույն հրապարակման արձագանքը և անդրադարձը հարցին, կարծում եմ, կունենա ոչ միայն հուսադրող, այլև Եղեռնի 100-ամյակին ընդառաջ, գործնական իմաստ, քանզի ապապետական ու ապազգային դրսևորումները, որոնց դեմ է ուղղված հոդվածս, մեղմ ասած, մթագնում են պատմական մեր հիշողությունը:
Կարծում եմ, եթե հրեական ցեղասպանությունը հոլոքոստ է, ապա մերը՝ հայասպանություն՝ արմենոցիդ:


Կանխավ շնորհակալությամբ և հարգանքներով`
Արթուր ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Դիտվել է՝ 14389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ